ԵՐԵՎԱՆ

Հայաստանի մայրաքաղաք Երևանը փռված է Հրազդան գետի երկու ափերին։ Հայաստանի հանրապետության խոշորագույն բնակավայրն է, վարչաքաղաքական ու տնտեսական կենտրոնը։

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդան-1 քարայրն է։ Այն գտնվում է Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին, ներկայումս ԱՄՆ դեսպանատան տարածքում։ Նրա հնագույն՝ ստորին շերտը (4–5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100–35 հազարամյակ առաջ)։ Ընդհանուր առմամբ Հրազդանի կիրճում քարայրների թիվը մոտ հարյուր է։ Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5–6 հազար տարի առաջ։

Ամենատարածված տեսակետի համաձայն՝ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի
անվան հետ։ 

Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է Ք.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա-ի կողմից։

Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր…

1918 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորմամբ, Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։

Երևան են տեղափոխվում վարչաքաղաքական մարմինները, բացվում են հյուպատոսարաններ։ 1919 թվականին բացվում է Երևանի պետական համալսարանը։

Երևանի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում խորհրդային շրջանը։ ՀԽՍՀ ղեկավարները փորձում էին Երևանը գեղեցկացնել և աշխարհի այլ մայրաքաղաքների շարքում իր անունն առանձնացնել։ Սարգիս Կասյանի օրոք՝ 1920–1921 թվականներին մեծ աշխատանք կատարվեց արտադրական ձեռնարկությունները գործի գցելու, սովին ու համաճարակին վերջ տալու, դպրոցները բացելու, ջրմուղը կարգի բերելու, փողոցներն ու հրապարակները մաքրելու համար։ 

Թամանյանը նախագծում է Երևանի նոր հատակագծը։

 

Երևանում բացվեցին թատրոններ, կինոստուդիա, համալսարանում բացվեցին նոր ֆակուլտետներ, բազմաթիվ արվեստագետներ հիմնեցին խմբակներ ու միություններ։ Կառուցվեցին գործարաններ ու արտադարամասեր։ 1936 թ. կառուցվեց Քանաքեռգէսը։

1936 թվականի օգոստոսի 17-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր խորհուրդը որոշեց մինչ այդ կիրառվող «Էրիվան» անվանումը փոխարինել «Երևան» անվանումով։

Երևանում ստեղծվեց ժամանակակից քաղաքային տնտեսություն, ծավալվեց ջրմուղի, կոյուղու, բնակելի տների, դպրոցների, վարչական շենքերի շինարարությունը, գործարկվեց տրամվայը։

1932 թվականին բացվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, 1933 թվականից սկսած՝ պոլիտեխնիկական, թատերական, կոնսերվատորիայի, մանկավարժական և այլ ինստիտուտները։ 1943 թվականին ստեղծվում է ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում մնացած գերմանացի ռազմագերիները Հրազդան գետի վրա կառուցեցին Հաղթանակի կամուրջը։ Երևանում բացվում է Հաղթանակի այգին, որտեղ նախ տեղադրվում է Ստալինի արձանը, ավելի ուշ փոխարինվում է Մայր Հայաստանի արձանով։

1966-1967թթ. կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ 

1978 թ. հրապարակում բացվեցին երգող շատրվաններ, որոնք երկրորդն էին աշխարհում՝ Փարիզից հետո։ Կառուցվեցին Երիտասարդական պալատը, Զվարթնոց օդանավակայանը, Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, վերակառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն։

Երևանին, բոլոր խոշոր քաղաքների նման, բնորոշ են մթնոլորտի, օդի և ջրի ավազանների մաքրության, կանաչապատ տարածքների պահպանության ու ընդլայնման հիմնախնդիրները։

Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչապատման հարցերին։ 1930-ական թվականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։ 1990 թվականին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 11,4%-ը. նախատեսված էր 40%։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) 1,2 միլիոն բնակչություն (1986) ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք, մինչդեռ Երևանում այն 3 անգամ պակաս է ընդունված չափանիշից։ Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք՝ 38 հա-ն՝ լիակատար, 132 հա-ն՝ համատարած, 300 հա-ն՝ մասնակի կորուստներով։ 1995 թվականին քաղաքի ընդհանուր՝ 20 հզ. հա տարածքից ծառածածկ էր 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 7,3%:

2004 թվականին քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք՝ 60% միջին ծառածածկով (342 հա), կանաչապատման աստիճանը՝ 1,55%: 2005-2007 թվականներին վերակառուցվել Է շուրջ 120 կմ ջրագիծ, որը մայրաքաղաքում կանաչ տարածքների համեմատաբար լիարժեք պահպանման և հետագայում ավելացման լավ նախապայման է։

2005-2007 թվականներին Երևանում տնկել են 110 հզ. ծառ և 162 հզ. թուփ՝ 65–70% կպչողականությամբ։ Տրանսպորտով ծանրաբեռնված պողոտաներում և փողոցներում տնկել են գազադիմացկուն ծառատեսակներ, որոնք զգալիորեն կմեղմեն տրանսպորտային միջոցների արտանետած վնասակար նյութերի ազդեցությունը։

Երևանի մթնոլորտային օդի որակի վրա ազդող հիմնական գործոններն անշարժ և շարժական (ավտոտրանսպորտ) աղտոտման աղբյուրների արտանետումներն են։

Մայրաքաղաքի օդային ավազանում գերակշռում են 4 վնասակար նյութեր՝ փոշի, ազոտի և ածխածնի օքսիդներ, ծծմբային անհիդրիդ։ Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» տվյալների՝ 2006 թվականին Երևանում փոշու տարեկան միջին կոնցենտրացիան թույլատրելի շեմը գերազանցել Է 2,3, ծծմբի երկօքսիդինը՝ 1,8, ազոտի երկօքսիդինը՝ 1,2, գետնամերձ օզոնինը՝ 1,9 անգամ։

Երևանի մթնոլորտի վրա վնասակար ներգործություն ունեն հատկապես «Երևանի ՋԷԿ», «Մաքուր Երկաթ», «Գաջի», «Ասֆալտագործ», «Նաիրիտ» գործարանները։ Վնասակար արտանետումների ծավալները նվազեցնելու նպատակով 2002 թվականից արգելվել է կապար պարունակող բենզին ներկրելը մայրաքաղաք, 2006 թվականի հունվարի 1-ից՝ առանց չեզոքարարների մեքենաներ, 2006-2009 թվականներին իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցներից արտանետումների նվազեցման ծրագիր և այլն։ 2005 թվականից Հայաստանում ուժի մեջ Է մտել նաև Կիոտոյի արձանագրությունը, որով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետման չափաքանակները։ Այդ արձանագրության շրջանակներում քաղաքապետարանը և ճապոնական «Շիմիձու» կորպորացիան համատեղ մշակել են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և էներգիայի արտադրության նախագիծ, որը հնարավորություն կտա 16 տարում նվազեցնել աղբավայրից մեթանի մոտ 100 հզ. տ արտանետումը մթնոլորտ։ 2005–2008 թվականներին իրականացվել Է նաև կենցաղային կոշտ թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման ծրագիր։